Երկուշաբթի Կապիտոլիումի բլրում տեղի է ունեցել 95 տարեկանում մահացած ԱՄՆ 41-րդ  նախագահ Ջորջ Բուշ ավագի հրաժեշտի արարողությունը: Նրա մարմինը Հյուսթոնից տեղափոխել են Կապիտոլիումի համալիր եւ տեղադրել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հավաքվածների առջեւ, որոնց թվում էին օրենսդիրներ, վարչակազմի անդամներ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, ելույթ է ունեցել փոխնախագահ Մայքլ Փենսը:

Այնուհետ խոսքով հանդես է եկել Կոնգրեսի Ներկայացուցիչներ պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Ներկաների թվում էին նաեւ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը եւ նրա ընտանիքի անդամները:

Երկուշաբթի սկսած 19:30-ից եւ մինչեւ չորեքշաբթի 07:00-ն նախկին նախագահին Կապիտոլիի շենքում վերջին հրաժեշտը կարող են տալ օտարերկրյա պետությունների նախկին եւ ներկա ղեկավարները, արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, քաղաքական գործիչները եւ շարքային ամերիկացիները:

Հոգեհանգիստը տեղի կունենա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին Վաշինգթոնի Մայր տաճարում:

Նախատեսվում է, որ Մայր տաճարում ելույթ կունենան նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին, ԱՄՆ նախկին սենատոր Ալլան Սիմփսոնը եւ նախագահական կենսագիր Ջոն Միչեմը:

Բուշ ավագը կհուղարկավորվի Տեխաս նահանգի Քոլեջ-Տեխաս քաղաքի Գյուղատնտեսական եւ մեքենաշինական համալսարանին առընթեր Ջորջ Բուշ ավագի անվան նախագահական գրադարանի տարածքում: Այնտեղ են թաղված նաեւ նրա կինը եւ դուստրը, որը մահացել է 1953 թվականին երեք տարեկան հասակում: ԱՄՆ նախկին առաջին տիկինը մահացել էր այս տարվա ապրիլին 92 տարեկանում: