Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողություններին հավանության վարկանիշը կտրուկ անկում է ունեցել Փարիզում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին, հասնելով ռեկորդային նվազագույնի՝ 23 տոկոսի: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ifop-ի հարցման արդյունքները:

Հարցումն անցկացվել է անցյալ շաբաթվա վերջին: Մակրոնի ընթացիկ արդյունքը նախորդ ամսվա համեմատ 6 տոկոսով ցածր է: Սրա հետ միաժամանակ, 10 տոկոսով նվազել է նաեւ  Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը՝ 26 տոկոս:

Դեռեւս սեպտեմբերին, ըստ Ifop-ի հարցման արդյունքների, նախագահի պաշտոնում Մակրոնի աշխատանքը բավարարում էր հարցվածքների 29 տոկոսին:

Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնների» առաջին ցույցեր տեղի են ունեցել նոյեմբերի 17-ին: Ցույցերի մասնակիցները բողոքում են վառելանյութի գների բարձրացման դեմ: