Տնտեսական հեղափոխությունը հնարավոր կլինի ձեզնից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ ներկայացրեց քաղաքական իրենց ռազմավարությունը. «Մեր քաղաքական ռազմավարությունը լինելու է հետեւյալը. աշխատանքի եւ հաջողության համար պայմաններ ստեղծելը, մենք երբեք մարդկանց մեջ անվստահությունը չենք խրախուսելու, չենք խրախուսելու աղքատությունը, հույսը ուրիշների վրա դնելու մոտեցումը։ Ստեղծելու ենք հնարավորություններ գյուղատնտեսական գործունեության, ձեռներեցության համար, ստեղծելու ենք աշխատատեղեր, նպաստելու ենք ներդրումներին»։

Փաշինյանի խոսքով՝ եթե ընտրվի վարչապետ, ապա իր առաջին քայլը լինելու է ներդրումային ծրագրերով զբաղվելը. «Ինձ, եթե տաք վստահության քվե, ապա առաջիկա շրջանում իմ ամենակարեւոր անելիքը լինելու է հետեւյալը. այս ընթացքում բազմաթիվ ներդրումային ծրագրեր են ներկայացվել, իմ անելիքը լինելու է հատ առա հատ ներդրումային շոշափելի ծրագրերով զբաղվելը։ Այն մարդիկ, ովքեր ուզում են ներդրումներ անեն, հավաստիանան, որ այն, ինչ հնչում է իրականություն է։ Առաջիկա ողջ  համակարգի անելիքը սա է լինելու։ Ուզում եմ քաջալերել մեր աշխատող ժողովրդին, գործարարներին։ Ամենաշատը ես հարգում եմ աշխատող մարդուն։ Մեր խնդիրն է, որ աշխատանք եւ չարչարանք բառերը ժամանակի հետ իրարից հեռանան»։