Այս տարիներին ՀՀԿ-ի ամենալուրջ ձեռքբերումներից է եղել, որ կարողացել ենք ստատուս-քվոն պահպանել Ղարաբաղի հարցում բոլոր տիպի բարդություններից դուրս գալով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, նշելով, որ իրենց կուսակցությունն ունեցել է բազմաթիվ ձեռբերումներ:
Անդրադառնալով բացթողումներին՝ Զաքարյանը նշեց, որ ամենամեծ թերացումը, թերեւս, ձեռնարկված հակակոռուպցիոն ծրագրի անարդյունավետությունն է եղել. «Մենք որոշ իմաստով ավելի շատ ուշադրություն էինք դարձնում անվտանգությանն ու արտաքին հարաբերություններին՝ հաշվի առնելով մեր պետության համար կենսական անհրաժեշտության խնդիրները, եւ տնտեսության որոշ ճյուղերի զարգացման վրա: Մենք հանրային կապը թուլացնելով, հանրային տրամադրությունները լուրջ չընդունելով՝ ինչ-որ տեղ սոցիալական արդարության խնդիրներին ոչ բավարար ուշադրություն դարձնելով , մենք չէինք կարողանում հաղթահարել հանրային դժգոհությունների խնդիրը: Վստահ էինք, որ կառուցում ենք ամուր պետություն, ինստիտուցիոնալ կարգի հիմքերը ամուր էր եւ երկարաժամեկտի համար դա մեզ հնարավորություն էր տալիս իրականացնել զարգացման ծրագրեր»:
Ըստ Զաքարյանի՝ այս ամենի արդյունքում մարդիկ ընկան պոպուլիզմի հետեւից , սկսեցին փնտրել իրենց համար հաճելի հայտարարություններ, ինչը եւ հանգեցրեց տեղի ունեցածին. «Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ այս կառավարությունն եկել է այդ մարցկանց սոցիալական խնդիրները լուծելու, կամ էլ լուծելու է այնքան, որքան մենք ենք լուծել, որովհետեւ դա առկա հնարավորությունների ու ռեսուրսների շրջանակն էր»:





























