Թուրքիայում դեռ շարունակվում են այս տարվա մարտի 3-ին տեղի ունեցած դաժան սպանության հետ կապված զարգացումների քննարկումները։ Այս համատեքստում կրկին շոշափվում է Հայաստանի անունը։ Թուրքիայում մարտի 3-ի 18 ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ջեմ Գարիփօղլուն փախուստից 197 օր հետո՝ սեպտեմբերի 18-ին ներկայանում է Ստամբուլի ոստիկանությանը։ Այս ձերբակալությունից հետո նորից Ջեմիլ Բարանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ սպանության մեջ մեղադրվող Ջեմ Գարիփօղլուն Հայաստանում է եւ այնտեղ էլ կհանձնվի հայ ոստիկաններին, կրկին հայտարարել է, որ Ջեմը թաքնվել էր Հայաստանում, որից հետո Սիրիայի միջով անցել է Թուրքիա։ Ջեմիլ Բարանը երեւի տեղյակ չէ, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահման չկա։
NEWS.am-ը նշում է, որ հայտնի թուրք գործարարի որդի Ջեմ Գարիփօղլուն արդեն 197 օր փնտրվում էր ոստիկանության կողմից։ Թուրքական մամուլը եւ էլեկտրոնային կայքէջերը ավելի վաղ ողողված էին լուրերով, որ այս տարվա մարտի սկզբին Թուրքիայում մեծ աղմուկ հանած 18-ամյա աղջկա սպանության համար կասկածվող Ջեմ Գարիփօղլուն, ով նրա հետ ընկերություն էր անում, ձերբակալվել է Հայաստանում։ Թերթերի մի մասը գրում է, որ Գարիփօղլուն արդեն ձերբակալվել է եւ սեպտեմբերի 12-ի երեկոյան տեղափոխվել Թուրքիա։ Սակայն բոլոր հրապարակումների ամենաանհեթեթ հատվածը այն է, որ Գարիփօղլուն ձերբակալվել է Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանին:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ստամբուլի թաղամասերից մեկի աղբամանում հայտնաբերվել էր 18-ամյա Մունեւեր Քարաբուլութի դին՝ կտրված գլխով։ Սպանության մեջ կասկածվում է նրա ընկերը` Ջեմ Գարիփօղլուն: Սպանությունից հետո ոստիկանությունը խուզարկել էր Գարիփօղլուի շքեղ եռահարկ առանձնատունը, որտեղ անզեն աչքով իսկ երեում էին սպանության հետքերը։ Հայտնի էր, որ սպանությունից հետո Ջեմ Գարիփօղլուն զանգել է հորը եւ շտապ տուն կանչել։ Այնուհետ նա փախուստի էր դիմել։ Թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ջեմը գտնվում է Ռուսաստանում։



















