Հայաստանը հարաբերությունները կզարգացնի ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ ԵՏՄ-ի հետ, եւ այս հարցում ոչ մի կոնֆլիկտ չկա: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան տնտեսական մեկնաբան Նիկոլայ Կորժենեւսկու այն հարցին, թե ինչպես է նախատեսում հավասարակշռել ԵՄ եւ ԵՏՄ գործընկերության միջեւ:

«Ինձ դուր չի գալիս «հավասարակշռել» բառը, կարծում եմ, որ պարզապես մեր հարաբերությունները կազարգացնենք մեր գործընկերների հետ ՝ իհարկե, նկատի ունենալով մեր բոլոր միջազգային պարտավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս հարցում ոչ մի կոնֆլիկտ չի տեսնում՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի:

Ինչ վերաբերում է Հայաստանի իրավունքը ԵՄ ստանդարտներին ներդաշնակեցնելու անհրաժեշտությանը՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, եւ ժողովրդավարական արժեքները Հայաստան «ներմուծելու» կարիք ամենեւին չկա՝ դրանք հայ հասարակության մեջ արդեն կան:

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ Հայաստանը կզարգանա այս ուղղությամբ: Բայց ոչ այն պատճառով, որ որեւէ մեկը մեզ ստիպում է կամ խորհուրդ է տալիս, կամ օգնում է, կամ այդ ճանապարհով է ձգում: Սա մեր սեփական ճանապարհն է, սա մեր ազգային ճանապարհն է: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ այստեղ ոչ մի հակասություն չկա մեր տնտեսական, քաղաքական եւ միջազգային հարաբերությունների համար»,- նշել է Փաշինյանը: