«Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում,եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, տեղեկացնում եմ դա»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը բլուրներ է կառուցում շփման գծում և պատրաստվում է պատերազմի։
«Այսինքն՝ ինչ-որ մեկը չգիտի՞ ինչ է կատարվում մեր սահմանների կամ շփման գծի երկայնքով: Դա որևէ մեկի համար նորությո՞ւն է, որ Ադրբեջանն օրումեջ հայտարարում է, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծել»,–հավելեց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանի խոսքով՝ Նախիջևանի ուղղությամբ մեր զինված ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմաներին, ես պատասխանատու ասում եմ, որ բոլոր այն տարածքները, որոնք եղել են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, դրանք շարունակում են նույնկերպ մնալ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Ես մի 10 օր առաջ այցելել եմ, տեղում եմ տեսել իրավիճակը: Եվ կարող եմ ասել, ինչպես նախկինում, Նախիջևանի ուղղությամբ մեր ողջ զինված ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ»։
Հարցին՝ ռազմաքաղական իշխանության հետ այդ թեմայով քննարկում լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես ինչ–որ ասել եմ, ասել եմ հրապարակային, աշխատանքային քննարկման անհրաժեշտություն չեմ տեսել, որ պահին անհրաժեշտություն տեսնեմ, կունենամ քննարկում։ Էդպիսի քննարկումներ անպայման կլինեն եւ այդ քննարկումները կլինեն խիստ արդյունավետ»,–եզրափակեց նա։





























