Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով օթեւանից զրկված ընտանիքներին աջակցությունը 2019թ․ նոր շրջադարձ կստանա։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Հայաստանի շինարարների միության IV համաժողովում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ չնայած 30 տարիների ընթացքում իրականացված աշխատանքին, աղետի գոտում դեռեւս կան բնակարաններով չապահովված ընտանիքներ։

«Կառավարությունը հավանության է արժանացրել երկրաշարժից տուժած ընտանիքների աջակցության միջոցառումների ծրագրին, որի շրջանակներում 2019թ․ Լոռու մարզում կլուծվի 44 ընտանիքների բնակարանային հարցը»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը։

Նա հիշեցրեց, որ ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ 2020թ․ ավարտը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը 2019-2020թթ․ պետք է վերջնականապես լուծի աղետի գոտու գյուղական համայնքների 542 ընտանիքների բնակարանի հարցը։ Միաժամանակ, աղետի գոտում դեռեւս մնում են մի քանի հազար անօթեւան ընտանիքներ, որոնք այս կամ այն պատճառով չեն ներգրավվել բանախոսների ցուցակում։