Նոր քաղաքական իրականության պայմաններում շինարարները Հայաստանում իրենց ազատ են զգում։ Այսպիսի կարծիք դեկտեմբերի 5-ին Հայաստանի շինարարների միության IV համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «ԵրեւանՇին» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ, Հայաստանի շինարարների միության պատվավոր նախագահ Վազգեն Պողոսյանը։

Նրա խոսքերով՝ կառավարության կամ Քաղաքաշինության կոմիտեի շատ գաղափարներ դժվարությամբ են իրագործվում, քանի որ հակաարձագանք են գտնում։

«Շատ հարցեր մինչ այսօր հնարավոր չէր լուծել ինչպես իշխանությունների հանդեպ, այնպես էլ իշխանությունների կողմից անվստահության պատճառով։ Սակայն հիմա Հայաստանի շինարարների միությունը կարող է հարթակ դառնալ ոչ միայն շինարարների, այլեւ հասարակության խնդիրները բարձրաձայնելու համար։ Չէ որ կառավարությունը չի կարող լուծել խնդիրները, եթե դրանց մասին համապատասխան հարթակներում չբարձրաձայնվի»,- նշեց Պողոսյանը։

Նա հավելեց, որ միությունը պատրաստ է իր վրա վերցնել Քաղաքաշինության կոմիտեի որոշ գործառույթներ՝ նրա աշխատանքը բեռնաթափելու համար։

«Կան բազմաթիվ գործառույթներ, որոնց վրա չարժի, որ կոմիտեն այդքան ժամանակ ծախսի, օրինակ՝ լիցենզիաների տրամադրումը։ Դա ծավալուն աշխատանք է, որը միությունը կարող է կատարել ավելի նոր մոտեցումներով։ Համապատասխան առաջարկությունը մենք մտադիր ենք ուղարկել կոմիտե»,- ասաց նա։