ԱՄՆ մի խումբ սենատորներ Կոնգրեսի վերին պալատի քննարկմանն են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որով պահանջում են լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ Սենատի բանաձեւի նախագծի հեղինակներն են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի ղեկավարությամբ: Ընդունվելու դեպքում փաստաթուղթն օրենքի ուժ չի ունենա, այլ միայն կգրանցի Սենատի դիրքորոշումը:

Փաստաթղթում Մուհամմեդ բեն Սալմանի վրա է դրվում հանցագործության համար ուղղակի պատասխանատվությունը, քանի որ որպես գահաժառանգ արքայազն նա է «սպանության ժամանակ ղեկավարել անվտանգության ուժերը»:

Բանաձեւի նախագծում շոշափվում են նաեւ Սաուդյան Արաբիայի հետ կապված այլ խնդիրներ:

Մասնավորապես՝ սենատորները թագավորության կառավարությանը կոչ են անում ուղիղ բանակցություններ վարել հուսիների շարժման ներկայացուցիչների հետ, որպեսզի դադարեցվի Եմենում պատերազմը: