Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ի իր նիստում փոփոխություններ է կատարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կանոնադրության որոշ դրույթներում եւ համապատասխանեցրել դրանք «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Ըստ հիմնավորման` ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի N 746  որոշմամբ ստեղծվել է  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 12-ի N 1228-Ն որոշմամբ  հիմնադրամի կանոնադրությունը շարադրվել է նոր խմբագրությամբ, որը, սակայն, չի գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N  1232-Ն որոշմամբ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 12-ի N 1228-Ն որոշմամբ  շարադրված  կանոնադրության որոշ դրույթներ հակասում են «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Այսպիսով` նախագծի ընդունման արդյունքում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կանոնադրությունը համապատասխանեցվում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: