Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի նիստում որոշում է կայացրել, որով վերաբաշխել է Չինաստանից նվիրատվության կարգով ստացված  շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի մարտին Չինաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրվել են շտապ օգնության գծային մեքենաներ, շտապ օգնության ռեանիմոբիլներ և դրանց օժանդակ սարքավորումները:

Նշված մեքենաները բաշխվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջև: Մասնավորապես «Գորիսի բժշկական կենտրոնին» հանձնվել է թվով 12 շտապ օգնության գծային մեքենա և 4 շտապ օգնության ռեանիմոբիլ, իսկ «Կապանի բժշկական կենտրոնին»՝ թվով 8 շտապ օգնության գծային մեքենա և 1 շտապ օգնության ռեանիմոբիլ:

Հետագայում պարզ է դարձել, որ բժշկական կենտրոնների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ չեն այդ քանակությամբ շտապ օգնության մեքենաներ:

Միաժամանակ հաշվի առնելով մի շարք բժշկական կազմակերպություններում շտապ օգնության մեքենաների առկայության անհրաժեշտությունը, որոնք համապատասխան բժշկական կազմակերպություններին տրամադրելու դեպքում զգալիորեն կբարելավվի նրանց կողմից բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը,անհրաժեշտություն է առաջացել շտապ օգնության մեքենաներով ապահովել Նախագծի N 2 հավելվածում նշված բժշկական կազմակերպություններին: Խոսքը 11 բժշկական կազմակերպությունների մասին է:

Նախագծի ընդունմամբ բժշկական կազմակերպություններին նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրվելու են թվով 9 շտապ օգնության գծային մեքենաներ և 3շտապ օգնության ռեանիմոբիլներ: