Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության «Արիս» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ծրագիրը կազմողները հյուրերի մասին ինֆորմացիա տեղադրելիս անգլիական ակումբի համազգեստով են պատկերել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին` մասնավորապես Լիոնել Մեսիին եվ Կրիշտիանու Ռոնալդուին: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով The Spoiler բլոգին: Ֆոտոկոլաժը 2010 թ. ամռանը ստեղծել է բրիտանացի Էնդի Սմիթը եւ իր աշխատանքն ուղարկել The Guardian-ի կազմակերպած կոլաժների մրցույթին:
Նա հեգնանքով պատկերել է «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր կազմը, եթե ակումբը շարունակի այս տեմպով աստղեր ձեռք բերել: Սմիթի վարկածով «Սիթիի» կազմում են եղել Մեսին, Ռոնալդուն, Ուեյն Ռունին, Չավին, Անդրես Ինիեստան, Ֆեռնանդո Տոռեսը, Ֆրանկ Ռիբերին, Ուեսլի Սնեյդերը եւ այլոք: Թե ինչպես է կոլաժը հայտնվել «Արիսի» ծրագրում, հայտնի չէ: Հիշեցնեմ, որ «Արիս» - «Մաչեսթեր Սիթի» խաղը կայացել է փետրվարի 15-ին եվ ավարտվել է 0-0 հաշվով: Պատասխան խաղի օրը փետրվարի 24-ն է:




























