Ինչպես հայտնի է անավարտ ժողովրդավարական անցմամբ պետություններում, ինչպիսին Հայաստանն է, քաղաքական ընդդիմության դերը իրական ժողովրդավարության հասնելու գործում կարեւոր է: Հատուկ ուշադրության է արժանի Հանրապետական կուսակցության ռեբրենդինգը, որը հրապարակավ ընդունում է իր սխալները եւ դրանցից կառուցողական դասեր քաղում:   Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նախկին ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Նրա խոսքով, երեկ Հանրային հեռուստատեսության եթերում քաղաքական կուսակցությունների առաջնորդների միջեւ կայացած դեբատները եւս մեկ անգամ ցույց տվեցին նոր Ազգային Ժողովում կառուցողական ընդդիմության ներկայության կարեւորությունը՝ ի դեմս ռեբրենդինգի ճանապարհը բռնած Հանրապետական կուսակցության:

«Հենց իրենց ինքնաքննադատության մասին հայտարարող՝ Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականների,  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր ուժերի հետ  կառուցողական քաղաքական մրցակցությունը, նաեւ ելնելով ժողովրդավարական իշխանության փոխանցման համաշխարհային փորձից, կարող է հանգեցնել Հայաստանում ժողովրդավարության համակարգային առաջ մղման գործընթացի քաղաքական ղեկավարման բարելավմանը», - ասաց նա:

Նա հավելեց, որ երեկվա հանրային դեբատների արդյունքներից ելնելով՝ մենք պետք է հույս դնենք ընտրողների ողջամտության, բարի կամքի, նաեւ քաղաքական էլիտաների պատասխանատվության վրա, որոնք կապահովեն հայ հասարակության իրական ժողովրդավարության առաջընթացը, ինչպես նաեւ կերաշխավորեն Հայաստանի անվտանգ զարգացումը: