1988-ի երկրաշարժի այդ 41 վայրկյանը չէի ցանկանա որեւէ մեկը տեսներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Իհարկե, այսօր, երբ հետ ենք նայում, թե ինչ կորցրեցինք, որքան բնակչություն, որքան բնակֆոնդ, արտադրական ներուժ, այսօր որպես քաղաքապետ իմ ելույթի տրամաբանությունն այն է, որ պետք է շնորհակալություն հայտնեմ այն ոգենչմանը, որ աշխարգի բոլոր ծագերից եկան մեզ օգնության:
Մոտ 100 երկրից եկել են օգնության, միջազգային կառույցներ, բարեգործներ, անհատներ, սփյուռքահայեր, Ջավախք, Արցախ: Ես շնորհակալ եմ բոլորից: Շնորհակալ է գյումրեցին: Բարեկամը երեւում է, երբ քո վշտի պահին ձեռք է մեկնում: Ես բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն եմ հայտնում: Այսօր էլ կան շատ կազմակերպություններ, որոնք շարունակում են աջակցել մեր աղետի գոտու բնակչությանը»,-ասաց Բալասանյանը հատուկ շեշտելով Շառլ Ազնավուրի, Քրք Քրքորյանի, Հաթսմանի անունները, որոնց հուշարձանները կկառուցվեն Գյումրիում:
«Խոնորհվում եմ գյումրեցու առջեւ, որ այդ փլատակները տեսնելով մնաց, մկրտեց իր երեխային վրաններում, ուսում տվեց, բնակվեց տնակներում եւ արարեց, կարողացավ նորից վերականգնել քաղաքը: Մասնագետներն այն ժամանակ ասում էին, որ երեւի բնակչությունը դուրս գա այս բնակավայրից: Ոչ, մենք մնացինք, արարեցինք, ստեղծեցինք: Անելու ենք ամեն ինչ, մեր կողքին կանգնեց մեր պետությունը, նորից անելու ենք ամեն ինչ, որ բաց վերքերը սպիացվեն:
Շնորհակալ եմ բոլորիցդ, որ այսօր մեզ հետ խոնարհվում եք շիրիմների առջեւ, ձեր ցավակցություն եք հայտնում»,-ընդգծեց քաղաքապետը:




























