Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին ամեն կուսակցության ղեկավար պետք է ներկայացներ, հարց ու պատասխան պետք է լիներ ցանկացած ոլորտի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Թե չէ էսօր բոլորը ասում են զարգացնենք, ծաղկացնենք, բարեկեցիկ դարձնենք, էդ դարձնողները առաջինը իրենց կյանքը թող բարեկեցիկ դարձնեն, նոր կարողանան մտածել պետության հզորացման, զարգացման, բարեկեցության մասին»,–բշում է նա։
ԲՀԿ առաջնորդը շեշտում է՝ մարդիկ հույսով, հավատով սպասում են, որ իրենց կյանքում բան փոխվի. «Մեր ժողովուրդը մեղք է, էս մարդիկ հույսով, հավատով սպասում են, որ իրենց կյանքում բան փոխվի, իրենք էլ երջանիկ լինեն, իրենց կյանքում էլ բան փոխվի, ասելը շատ հեշտ է, բայց էդ ասողները պետք է կարողանան մի բան արած լինեն, հենց իրենց համար, իրենց ընտանիքի համար, բարեկեցությունը, հզորությունը, զարգացումը»։
Նա, սակայն, նշում է՝ քարոզարշավից շատ գոհ է, բայց սրտից արյուն է գնում. «Բայց ասենք թե տեսնելով մեր ժողովրդի վիճակը իմ սրտից արյուն էր գնում, ամեն մեկը մի խնդիր, մի պրոբլեմ, որ ասում ենք տնտեսական աճ կա, զարգացում կա, տեսնելով մարդկանց հագուկապը, մարդկանց պահվածքը արդեն ինքնըստինքյան քո պատկերացումը կա տնտեսական աճ կա՞, զարգացում կա՞, հզորացում կա՞, թե՞ չէ»։
Դիտարկմանը, որ նախորդ ընտրություններին ԲՀԿ–ն երկրորդ ուժն էր ստացած ձայների քանակով, ի՞նչ է կարծում պահպանվել է ԲՀԿ վարկանիշը, Ծառուկյանն ասաց. «Ես ասել եմ՝ արել եմ, անում եմ, անելու եմ։ Ինչքան մեծ հնարավորություն լինի, այնքան ավելի շատ ենք անելու, ոչ թե ձայն տան, չենք անի, ում հավատում են, նրան էլ թող ձայները տան, ես ոչ մեկից էլ չեմ նեղանում, ամեն մարդու պատկերացումն ա, ում հետ հույս է կապում, նրան էլ ձայնը տալիս է»։





























