Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են համանախագահների հետ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ինչպես հաղորդել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, հանդիպման ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան կարգավորումը: Պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում հոկտեմբերի 10-ին Քիշնեւում կկայանա նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Միաժամանակ, ռուսաստանցի դիվանագետը, մատնանշելով Մոլդովայի ներքաղաքական իրավիճակը, նշել է, թե չի կարող հստակ ասել՝ կկայանա՞ հանդիպումը, թե՞ ոչ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց հանդիպման լուրը՝ միայն նշելով, որ արտգործնախարարը սեպտեմբերի 26-ից 29-ը գտնվելու է Նյու Յորքում: