Քարոզարշավի վերջին օրը ավարտվեց խայտառակ իրողությամբ. Հայաստանում վտանգված է բազմակարծությունն ու ազատ խոսքը․ այս մասին ֆեյսբուքի իր էջում այսօր՝ դեկտեմբերի 7-ին գրել ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը։ Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է․
«Իր ձախողումները քողարկելու համար Փաշինյանը դիմեց խայտառակ մեթոդների՝ սպառնալիքներ, ԱԱԾ-ով ճնշումներ, շինծու քրեական գործեր, ոստիկանության այցելություններ խմբագրություններ:
Դեկտեմբերի 9-ի ընտրությունները պիտի որոշեն՝ Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա՞, թե՞ Ազգային ժողովում կլինի մի ուժ, որը կզսպի Փաշինյանի միապետական ախորժակը:
Այդ ուժը ներկայացված է թիվ 1 քվեաթերթիկով՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, որի վերագնահատված ներկան այս ամիսներին ցույց տվեց, որ կարող է բացահայտել հանրությանը մոլորեցնող կեղծ, բայց հաճելի կախարդական փայտիկի միֆը:
Գնացեք ընտրության առանց վախենալու: Աստված պահապան մեր երկրին եւ ժողովրդին»:
Այս մտահոգությունն ու կոչը Շարմազանովը ներկայացրել է նաև ֆեյսբուքյան լայվով՝ անդրադառնալով ոստիկանության ներկայացուցչի այցին NEWS.am-ի խմբագրություն․
«Այն, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն անում են ամեն ինչ, որ Հայաստանում չլինի բազմակարծություն, ազատ խոսք ու ազատ մամաուլ փաստ է․ այդ փաստը երևաց նաև այսօր երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ծիծաղելի մեղադրանքներով ծիծաղելի այցելություն ունեցան NEWS.am-ի խմբագրություն, իբրև թե ճշտելու, թե որտեղից Շարմազանովի տված տեղեկությունը»։
Այնուհետև Շարմազանովը բացահայտել է իր տեղեկությունների աղբյուրը․ «Շարմազանովի տված տեղեկությունը ձեր շեֆի տեղեկությունների նման հասարակության մեջ է, օդում կախված տեղեկություններ են, կարդացեք կայքեր, շփվեք ժողովրդի հետ ու կտեսնեք, որ այո, օդում կախված լուրեր են եղել, կան, որ վարչական ռեսուրսը խայտառակորեն միջամտում է ընտրական գործընթացին, որ նրանք, ովքեր փորձում են օժանդակել ոչ Փաշինյանի թիմին, այլ Հանրապետականին, ըստ օդում կախված լուրերի, արվում է ամեն ինչ, որպեսզի նրանք պասիվանան, ռեժիմը խուճապի մեջ է, և խայտառակություն է, որ 21-րդ դարում ազատ մամուլի նկատմամբ իրականացվում է ոտնձգություն»։





























