Գործող իշխանությունը յուրաքանչյուր օր փորձում է մոլորության մեջ գցել ձեզ, ձեր և ձեր ընտանիքների համար ստեղծում է վտանգներ, որոնք հետագայում չափազանց դժվար է լինելու լուծել և կանխել։ Այս մասին ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով քարոզարշավի ամփոփիչ խոսքում, ապա թվարկեց այդ վտանգները․
«Առաջին հերթին դա մեր երկրի ասնվտանգության հարցն է և այդ անվտանգության ողնաշարը հանդիսացող արցախյան հիմնախնդիրը․ անփորձ, խնդրի հետ նախկինում առնչություն չունեցած թիմը հեշտությամբ գործում է սխալներ, որոնք կարող են անշրջելի վտանգներ բերել բանակցային գործընթացի և Արցախի անվտանգությայն ապահովման տեսանյունից, բանակաշինության հարցում ևս կարիք կա հետևողական աշխատանքի, որը պետք է վեր լինի անձնական կարծիքներից և տեսակետներից և հիմնվի մեր սպայակազմի մասնագիտական՝ գիտելիքներով լի անցած ուղու վրա։
Երկրորդ ուղղությունը մեր երկրի տնտեսական մտահոգությունն է․ մենք ցուցադրեցինք, որ բոլոր ուղղություններով կան վտանգավոր միտումներ և դրանց առաջիկայում ավելանում են մասաայական կրճատումները, որոնք կարող են վերաբերել այսօր աշխատող յուրաքանչյուր չորրորդ քաղաքացուն, յուրաքանչյուրին, ով աշխատում է բյուջետային հիմնարկներում՝ բժիշկներ, մանկավարժներ, պետական ծառայողներ, վտանգի տակ են նաև նպաստները, թոշակների խոստացված բարձրացման ֆոնին նպաստների կրճատումը կարող է բերել նրան, որ ձեզանից յուրաքանչյուրի վիճակը միայն վատթարանա և այս ամենը թանկացումների ֆոնին։
Շատ խոսվեց նաև արտաքին քաղաքական խնդիրների մասին․ ողջագուրումը, որքան էլ այն գեղեցիկ երևա հեռուստապատկերում, չի կարող փոխարինել հետևողական աշխատանքին դաշնակիցների և գործընկերների հետ, մենք տեսնում ենք մեծ վտանգներ, որոնք կարող են բերել Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների, ռազմատեխնիկական հարաբերության լրջագույն մարտահրավերների։ Այս օրերին մենք ցուցադրեցինք, որ հարձակում է գնում այն ամենի վրա, ինչ մեր ժողովրդին և երկրին տարբերում է բազմաթիվ այլ երկրներիից․ ազգային եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայ դպրությունը ունեն պաշտպանության կարիք, և պահպանողական ուժը խորհրդարանում հենց այն ձայնն է, որ պետք է հնչեցվի այդ պայքարում, և վերջապես այն ատելության ու թշնամանքի մթնոլորտը, որն արհեստականորեն սերմանվում է հասարակության մեջ»։
Նրա խոսքով՝ այս բոլոր խնդիրները կարող են բերել անդառնալի հետևանքների․ «Ամսի 10-ին լինելու է ուշ, ամսի 9-ը այն վերջին օրն է, երբ դուք կարող եք փոխարինել խոհանոցային խոսակցությունները, մտահոգությունները ձեր քվեով»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ գիտակցված ընտրություն կարվի այն ուժի օգտին, որը կարող է հակակշռել նշված մարտահրավերներին։





























