«Ծղոտե գլխարկ» մականունով բոլիվիացի թմրավաճառ Խորխե Ռոկա Սուարեսը հիվանդանոցից փախուստի է դիմել, ուր նա տեղափոխվել էր բանտից առողջական խնդիրների պատճառով, փոխանցում է ՌԲԿ-ն։

Հանցավորության դեմ պայքարի հատուկ ուժերի փոխտնօրեն Ֆերնանդո Ռոխասի խոսքով՝ Սուարեսը 10 օր հիվանդանոցում մնալու թույլտվություն էր ստացել․ «Ցավոք, մենք պետք է հաստատենք այդ մարդու փախուստը»։

Սուարեսը ավելի ուշ տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ չի փախել, այլ գնացել է գյուղ իր ընտանիքի մոտ։ Ոստիկանության հրամանատարի խոսքով՝ նա հետ կուղարկվի բանտ։

Սուարեսը ԱՄՆ-ում 35 տարի պատիժը կրելուց հետո տեղափոխվել է Բոլիվիա, որտեղ նա ազատազրկված կմնա եւս 15 տարի։ Նա Բոլիվիայում «կոկաինի արքա» մականվամբ հայտնի Ռոբերտո Սուարես Գոմեսի զարմիկն է։ Ըստ La Cronica-ի տվյալների՝ նրանք թմրաբարոն Պաբլո Էսկոբարի ղեկավարած Մեդելին կոկաինի կարտելի մատակարարներն էին։