Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքապետի պաշտոնակատարի եւ գյուղացիների մի մասի միջեւ լարված իրավիճակ է ստեղծվել։ Նոր Գեղիի համայնքապետի պաշտոնակատար Վարդան Պապյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ ստեղծված իրավիճակի պատճառը երեկ գյուղում տեղի ունեցած միջադեպն է իր համակիրներից մեկի եւ գյուղացիների միջեւ։
«Երեկ գյուղացիների 20-30 հոգանոց մի խումբ հարձակվել է իմ շրջապատից մի հոգու վրա, նա էլ պաշտպանվել է, որի արդյունքում դանակահարություն է եղել, քրեական գործ կա հարուցված։ Գյուղում այս պահին մարդիկ հավաքված են, բողոքում են իմ դեմ, քանի որ ես իրենց բարեկամը, կամ հարազատը չեմ, իրենք պահանջում են, որ իմ տեղակալը լինի պաշտոնակատար, որը նախկինում էլ է եղել պաշտոնակատար եւ նրան հեշտ է կառավարելը։ Հիմա էլ հավաքվել են գյուղում այդ պահանջով»,– ասաց համայնքապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը մոտ 40 հոգի է։
Վարդան Պապյանը պնդում է, որ գյուղացիների պահանջն անհիմն է, եւ ստեղծված իրավիճակն իր հետ կապ չունի։
«Քրեական գործի արդյունքում եթե կպարզվի, որ ես մեղսակցություն ունեմ, ես հրաժարական կտամ»,– ասաց Պապյանը։
Պապյանը նշեց, որ ինքը ոստիկանների է հրավիրել՝ գյուղում իրավիճակը հանդարտեցնելու համար. «Ինձ սպառնում են, այսօր եղբորս մեքենային են հարվածել, երեկ եղբորս ճանապարհին անտեղի բռնել, ծեծել են, մի քանի օր առաջ համախոհներիցս մեկի մեքենային են հարվածել, ջարդել, իրեն են ծեծել, դրա հետ կապված էլ հաղորդում կա»։
2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 22։30-ին, միջադեպ է եղել Նոր Գեղիում, որի ժամանակ 4 անձ է դանակահարվել։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որ Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1991 թվականին:





























