Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը ցույց է տվել, որ երկրում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» չէր, ինչը նախկինի պես պնդում են որոշ ռուսաստանցի փորձագետներ: Այս մասին դեկտեմբերի 10-ին տեսակամուրջի ժամանակ ասաց պատմագիտության դոկտոր, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

Նրա խոսքով՝ հետեւաբար ընտրություններից հետո Հայաստանի իշխանություններից Ռուսաստանի նկատմամբ արմատական քայլեր չպետք է սպասել:

«Ապրիլ-մայիսին իշխանափոխությունից հետո Մոսկվայի հետ արդեն որոշակի հարաբերություններ են հաստատվել: Այստեղ ակնհայտ են մեծ թվով խնդիրներ, բայց նաեւ նոր հնարավորություններ կան, որոնք մասնակի են օգտագործվել»,- կարծում է ռուսաստանցի փորձագետը:

Կռիլովը համոզված է, որ Հայաստանում տեղի ունեցածը սկզբում  քննարկվում էր որպես հերթական գունավոր հեղափոխություն, ինչպես Վրաստանում կամ Ուկրաինայում, սակայն հետագա իրադարձությունները հանգեցրին նրան, որ այս մեկնաբանումը չհաստատվեց:

«Սա երեւան եկավ Սիրիայի, բիոլաբորատորիաների հարցերում Հայաստանի դիրքորոշման փոփոխության մեջ, ինչը նախորդ իշխանությունների օրոք չի քննարկվել: Եվ հատկապես ըստ նրա, թե ինչպես է փոխվել հայկական մամուլի հնչերանգը ռուսական թեմատիկան լուսաբանելիս: Նախորդ իշխանությունների օրոք հրապարակումներն ունեցել են բացասական եւ ընդգծված սկանդալային բնույթ»,- հայտարարեց քաղաքագետը:

Նա նաեւ անկեղծորեն զարմանում է այն փորձագետների հայտարարություններով, որոնք շարունակում են պնդել, որ «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում «գունավոր» էր, իսկ անդրկովկասյան հանրապետությունը Արեւմուտք է գնում:

Փորձագետը նշում է, որ բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են քաղաքական գործիչները մինչեւ իշխանության գալը մի կարգախոս հռչակում, իսկ հետո այլ կերպ գործում:

«Սա, մասամբ, տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք սկսում են մտածել պետական շահի չափանիշներով»,- նշեց Կռիլովը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,63 տոկոս: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,70 տոկոս ձայն, «Քաղաքացու ընտրություն»-ը՝ 0,68 տոկոս, ՀՅԴ-ն՝ 3,89 տոկոս, «Իմ քայլը»՝ 70,44 տոկոս, «Լուսավոր Հայաստանը»՝ 6,37 տոկոս, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը»՝ 0,51 տոկոս, «Ազգային առաջընթացը»՝ 0,33 տոկոս, «Մենքը»՝ 2,00 տոկոս, «Օրինաց երկիրը»՝ 0,99 տոկոս, «Սասնա ծռերը»՝ 1,82 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8,27 տոկոս: