ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ընդհանրապես սպասելի չէին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ, տնտեսագետ Ալեք Ենիգոմշյանը։
«Մեր այս արդյունքը միաժամանակ մեզնից դուրս հանգամանքների արդյունք էր եւ նաեւ մեր մեջ եղած սխալների արդյունք։ Այս ընթացքում շատ բարձր մակարդակով վետոյի պահանջ կար մեր նկատմամբ, բայց նորից եմ կրկնում, որ ձախողման պատճառները մենք նաեւ մեր մեջ պետք է փնտրենք»,– ասաց Ենիգոմշյանը։
Ապագա խորհրդարանը Ենիգոմշյանը որակեց որպես «շատ վատ». «Ես չեմ կարող ուրախ լինել, որ «Սասնա ծռերը» չկան խորհրդարանում, բայց շատ ավելի մտահոգիչ է ոչ թե մեր չլինելը, այլ այն պատկերը, որ այսօր կա խորհրդարանում։ Այսինքն՝ այն երկու ուժերը, որոնք պետք է իբր հանդես գան ընդդիմության դիրքերից, իրական ընդդիմություն չեն եւ իսկական հակակշիռ մեր երկրի մարտահրավերներին, ցավոք, չի լինելու եւ դա լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր երկրում։ Ամենահիմնական խնդիրը դա է, ես ավելի շատ դրանով եմ մտահոգ, քան նեղված, որ «Սասնա ծռերը» խորհրդարան չանցան»,– ասաց Ենիգոմշյանը։
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունը Ալեք Ենիգոմշյանը մի քանի հանգամանքով բացատրեց։
«Դա պայմանավորված է լցոնումների չլինելով, կրկնակի քվեարկության գործոնի չլինելով եւ նաեւ մեծ մասշտաբով ընտրակաշառքի բացակայությամբ։ Չնայած եղել են, հաստատ եղել են, մենք դա գիտենք մինչեւ ամսի 9-ը նման դեպքերը արձանագրվում էին, բայց ոչ այն մասշտաբով, որին նախկինում ականատես էինք լինում»։
Հիշեցնենք, որ խորհրդարան են անցել 3 ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։





























