Պարզվում է, որ ռուսաստանյան «Московский Комсомолец» օրաթերթում այսօր տպագրված Սերժ Սարգսյանի հարցազրույցը կեղծ է: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը` ի պատասխան «Panorama.am» լրատվական կայքէջի հարցման:
«Այդ իբր „բացառիկ հարցազրույցը“ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ թերթի „լրագրող“ Եկատերինա Սաժնեւայի հիվանդ երևակայության արդյունքը: Այդ „լրագրողին“ և, ընդհանրապես, „Московский Комсомолец“ օրաթերթին ՀՀ նախագահը որևէ հարցազրույց չի տվել: Նյութի հեղինակը „Հայաստանում ռուսական խոսքի օրեր“ միջոցառման շրջանակում, ի թիվս տասնյակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը: „Հարցազրույցում“ նշված հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ նախագահ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրված են և մեջբերված լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Երևի „լրագրողն“ ապավինել է իր ակնհայտորեն կաղացող „հիշողությանը“: Տեղի չունեցած „հարցազրույցում“ Սերժ Սարգսյանին վերագրվող որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից և չեն արտացոլում նախագահի կողմից ասվածի բուն իմաստն ու շեշտադրումները»,- նշում է Ս. Ֆարմանյանն ու հավելում. «Լրագրողը» նյութի հրապարակման մտադրության մասին տեղյակ չի պահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայությանը, ինչով եւ խախտել է լրագրողի մասնագիտական էթիկայի տարրական կանոնները: Նման կեղծ «հարցազրույցի» հրապարակումը այդքան հեղինակավոր թերթում միայն զայրույթ և ափսոսանք է առաջացնում":




























