Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել են նաեւ նախարարներների պաշտոնակատարներ ու մարզպետներ, որոնք առաջադրվել են նաեւ ռեյտինգային ընտրակարգով:

Հատկանշական է, որ 10 մարզպետներից երկուսը չէին առաջադրվել արտահերթ ընտրություններում. Խոսքը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ու Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մասին է:

Եվ այսպես, մարզպետներից առավելագույն ձայներ ստացել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով թիվ 5 ընտրական տարածքում ստացել է 22 604 ձայն:

Նրան հաջորդում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով թիվ 10 ընտրական տարածքում ստացել է 20934 ձայն: Հատկանշական է, որ նույն տարածքում նա առաջատարը չէ. Սասուն Միքայելյանն այստեղ ստացել է 31 հազարից ավելի ձայն:

Մարզպետներից 3-րդ հորիզոնականում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը՝ 16 708 ձայն:

4-րդ տեղում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն է, ով ստացել է 12 096 ձայն: Այս մարզում «Իմ քայլը» դաշինքից վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը ստացել է ավելի շատ ձայն՝ 14 616:

5-րդ տեղում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ 10042 ձայն:

6-րդ տեղում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, Տավուշում  մարզպետ Վահե Ղալումյանը, ով իր մարզում ստացել է 8985 ձայն: Սակայն այս մարզում առաջատարը Փաշինյանի եղբորորդին է՝ Սիփան Փաշինյանը, ով ստացել է 17155 ձայն:

Մարզպետներից 7-րդ հորիզոնականը զբաղեցրել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ 6271 ձայն: Սակայն նա նույնպես իր մարզում առաջինը չէ: ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այստեղ հավաքել է 24172 ձայն:

Եվ վերջապես մարզպետների ցանկը եզրափակում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ 4296 ձայն: Նա Լոռու մարզն ընդգրկող ընտրական տարածքում ընդամենը 5-րդ տեղում է: Նրանից ավելի շատ ձայներ են հավաքել փոխմարզպետ Արամ Խաչատրյանը` 15038 ձայն, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը` 14885 ձայն,Արեն Մկրտչյանը` 8179 ձայն եւ  Արփինե Դավոյանը` 8139 ձայն: