Կտտանքների դեմ ՄԱԿ հանձնաժողովը Սաուդյան Արաբիային կոչ է արել ազատել թագավորությունում կալանավորված ավելի քան 10 իրավապաշտպաններին՝ հաստատելով, որ նրանք հարցաքննությունների ժամանակ ենթարկվել են կտտանքների եւ արժանացել դաժան վերաբերմունքի։

Տասը անկախ փորձագետներից կազմված խումբը նույնպես տեղեկատվության հայց է ներկայացրել այն մասին, թե արդյոք անաչառ է հետաքննությունը այն պնդումների կապակցությամբ, որ «սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ»։

ՄԱԿ հանձնաժողովը իր նամակում հիմնվել է սաուդցի կալանավորված ակտիվիստներին դաժան կտտանքների ենթարկելու մասին «լուրջ մեղադրանքների» վրա։

Սաուդյան Արաբիան իր «օրենսդրության եւ գործունեության մեջ պետք է ճանաչի խաղաղ քննադատության եւ քարոզչության օրինականությունը»՝ ասվում է հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիան, որ միացել է Կտտանքների արգելման ՄԱԿ պայմանագրին, պարտավոր է «ապահովել բոլոր մեղավորների դատական հետապնդումը եւ ապահովել զոհի հարազատների վնասի փոխհատուցումը»՝ ասվում է հայտարարության մեջ։