Մենք բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին, քանի որ հայ ժողովրդի համար իսկական աղետ կլինի, եթե նա անհաջողության մատնվի։ Այդ մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել հայկական ծագումով ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը։
Պատասխանելով այն հարցին, համապատասխանում է արդյոք Փաշինյանը երկրի ղեկավարի դերին՝ տնտեսական վերակազմավորումների տեսակետից, Վարդանյանը նշել է, որ ոչ ոք չգիտի, թե ով է հատկապես Հայաստանի պես երկրի ղեկավարի դերի համար լավը՝ տնտեսական վերափոխումների տեսակետից։ «Մարտահրավերները իրականում շատ են, եւ երկրին արդիականացում եւ բարեփոխումներ են անհրաժեշտ համարյա բոլոր ոլորտներում։ Այսինքն, դա դժվար աշխատանք է։ Կարող է արդյոք նա դրանից գլուխ հանել՝ ահա, թե ինչն է հարցը․․․ Մենք բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, քանի որ հայ ժողովրդի համար իսկական աղետ կլինի, եթե նա անհաջողության մատնվի։ Ժողովուրդը նրան վստահության մեծ մանդատ է տվել, նրանք վստահում են նրան եւ մեծ սպասելիքներ ունեն, որոնք դժվար է իրականացնել, որովհետեւ անհրաժեշտ կլինի հայերի համար շատ ցավալի որոշումներ կայացնել։ Այսպիսով, նրա գործը շատ դժվար է, եւ տնտեսական վերափոխումների հարցում քիչ փորձ ունի։ Կարծում եմ՝ նա ճիշտ կոնսոլիդացնող գործոն կդառնա եւ իր շուրջը արհեստավարժների կհավաքի։ Կարծում եմ՝ մենք շանս ունենք»,- նշել է Վարդանյանը։
Այն հարցին, թե որքանով է Հայաստանի համար կարեւոր Ռուսաստանը, նա պատասխանել է, որ այն Հայաստանի համար ամենամեծ շուկան է․ «Եկեք անկեղծ խոսենք։ Եթե վաղը Հայաստանը ԵՄ անդամ դառնա, նրա արտադրության մեծ մասը եվրոպական շուկայում մրցունակ չի լինի, մինչդեռ Ռուսաստանում ավելի ցածր ստանդարտներ են, ինչը թույլ է տալիս Հայաստանին վաճառել իր արտադրանքը։ Ռուսաստանը Հայաստանի խոշոր ներդրող է եւ շատ կարեւոր գործընկեր»։
Պատասխանելով այն ակնարկին, թե Հայաստանում ավելի շատ են արեւմտամետ տրամադրությունները, Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է, «աշխարհում միակ երկիրը, որ սահմանակցում է չորս քաղաքակրթությունների՝ շիական Իրանի, սունիական Թուրքիայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ։ Հայաստանը միշտ գտնվել է չորս քաղաքակրթությունների սահամանին, եւ ես կարծում եմ, որ մեզ համար վատ չէր լինի նրանց միջեւ կամուրջ հանդիսանալ, ոչ թե նրանցից մեկի մասը դառնալ։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր շահում է նրանից, որ ե՛ւ ԵՄ ասոցացված անդամ է, ե՛ւ ԵՏՄ անդամ։ Դա շատ խելացի դիրքորոշում է, որը թույլ կտա մեզ կամուրջ լինել երկու համակարգերի միջեւ»։





























