Շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության  փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք  է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է,  որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, օգոստոսի 22-ին  գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր բնակարանի պատշգամբից ապօրինի մուտք է գործել  հարեւանուհու բնակարան, որտեղ հյուրասենյակում դրված պայուսակից  հափշտակել է 5 կտոր ոսկյա զարդ, 1000 ՌԴ ռուբլի, իսկ սեղանի վրայից վերցրել է «Nokia» մոդելի բջջային հեռախոս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հափշտակության պահին տուն է վերադարձել 79-ամյա տանտիրուհին եւ փորձել է կանխել հափշտակությունը:

Գեղարքունիքի մարզի բնակիչը՝  հափշտակությունը բացահայտ շարունակելու եւ մինչեւ վերջ հասցնելու նպատակով, հատակից վերցրել է աղյուս, հարձակվել կնոջ վրա ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, ինչի հետեւանքով 79-ամյա կինը կորցրել է գիտակցությունը եւ վայր  ընկել, իսկ  42-ամյա բնակիչը, կարծելով, որ սպանել է հարեւանուհուն, դիմել է փախուստի՝ իր հետ տանելով հափշտակած իրերը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: