«Հայ ազգային կոնգրես» համաժողովրդական շարժումը երեկ ուշ երեկոյան շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. "1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը գործնականում միաձայն ԱՅՈ ասաց երկրի լիակատար անկախացմանը՝ մեծագույն եռանդով շարունակելով անկախ պետականության կառուցման այն գործը, որ սկսել էր 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից ի վեր:
Անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության, նրա դարավոր պայքարի հաղթական գագաթնակետն է առանց չափազանցության, բազմաթիվ սերունդների ամենահեռավոր ու ամենալուսավոր երազանքի իրականացումը: Դա հնարավոր եղավ 1988-ից ծայր առած աննախադեպ համաժողովրդական, ժողովրդավարական շարժման շնորհիվ, ինչը, ի թիվս այլ արդյունքների, հիմնովին շրջեց ավանդական պատկերացումներն ու թյուր արժեքային համակարգը:
Նորանկախ Հայաստանը առաջին իսկ տարիներին փայլուն հանձնեց դժվարին քննություններ, դիմագրավեց անհաղթահարելի թվացող մարտահրավերներ: Մի կողմից՝ հնարավոր եղավ երկրում իրականացնել ամենաարմատական համակարգային եւ ժողովրդավարական վերափոխումներ՝ միջազգային ասպարեզում արժանիորեն ձեռք բերելով տարածաշրջանի «ժողովրդավարական կղզյակի»՚ համարում, մյուս կողմից՝ տանել փայլուն հաղթանակներ եւ կորստյան եզրից փրկել Լեռնային Ղարաբաղի հայությանը:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ վերջին 10 տարում Հայաստանը ոչ միայն շեղվել է անկախ ու ժողովրդավարական պետության զարգացման բնականոն ճանապարհից, այլեւ վերածվել է ապօրինի ու ավազակաբարո իշխանությամբ մի հակապետության՝ կործանարար ողջ ժողովրդի ճակատագրի համար: Մենք շարունակելու ենք պայքարը ազգակործան այս ընթացքի դեմ մինչեւ վերջ, մինչեւ Հայաստանը դարձնենք նրա յուրաքանչյուր քաղաքացու երազած երկիրը:
Եւ թող 1991-ի սեպտեմբերի 21-ի ոգին լինի մեզ ապավեն:




























