Դաշնակցության կազմակերպած ստորագրահավաքին միացել են նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, «Սահմանադրական իրավունք» միության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրելիս «Ո՛չ թուրքական անուղղակի նախապայմաններին» կարգախոսում ջնջել է «ան» մասնիկը՝ «անուղղակի» բառը դարձնելով «ուղղակի»:

Նշենք, որ երեկ կեսօրվա դրությամբ՝ ՀՅԴ կազմակերպած հայ-թուրքական արձանագրությունների դեմ ստորագրահավաքին մասնակցել է շուրջ 35 հազար մարդ: Ստորագրահավաքն սկսվել է սեպտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ՀՅԴ-ն ԱԳՆ-ի եւ Կառավարության շենքերի դիմաց բողոքի ակցիաներ է կազմակերպել եւ ստորագրահավաք է անցկացնում օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացումը խորհրդարանում կասեցնելու համար։ Կուսակցության նման դիրքորոշումը պայմանավորված է արձանագրություններում առկա մի շարք կետերի հետ անհամաձայնությամբ։