ԱՄՆ-ի հայ երիտասարդական խմբերի եւ կազմակերպությունների դաշնությունը անցած ուրբաթ բողոքի գործողություն է իրականացրել Լոս-Անջելեսում Շվեյցարիայի հյուպատոսության առջեւ, հայտնում է Միացյալ Նահանգների հայկական Asbarez թերթը: Ցույցն անցկացվել է «Stop the Protocols» (Ոչ արձանագրություններին) ակցիայի շրջանակներում: Հիշեցնենք, որ խոսքը գնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագրությունների մասին, իսկ Շվեյցարիան այդ գործընթացում հանդես է գալիս որպես միջնորդ:
Ցուցարարների նպատակն է ցույց տալ Շվեյցարիայի կառավարությանը արձանագրությունների միակողմանիությունն եւ առկա հակասությունները, որոնք իրենց մեջ վտանգ են պարունակում Հայաստանի համար եւ վնասում են բոլոր հայերի իրավունքները, գրում է թերթը:
Ցուցարարներից երկուսը Գասպար Ջիվալջյանը եւ Հարություն Հարությունյանը հանդիպել են Լոս-Անջելեսում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոս Բրիգիտա Շոխ Դետվայլերին: Հանդիպումից հետո Ջիվալջյանը հայտնել է, որ «հյուպատոսի հետ հանդիպումը կարեւոր քայլ էր, որ ներկայացվեն համայնքի դժգոհությունները արձանագրությունների եւ բանակցային գործընթացի վերաբերյալ: Մենք բացատրեցինք հյուպատոսին, որ բողոքն ուղղված չէ Շվեյցարիայի դեմ, այլ նրա միջնորդական առաքելության: Անհրաժեշտ է, որ մեր ձայնը լսվի բոլորի կողմից, ով որոշում է ընդունում հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ»:
Բացի այդ, Ջիվալջյանն ու Հարությունյանը հյուպատոսի հետ զրույցում երախտագիտություն են հայտնել շվեյցարական կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության հարցում (Շվեյցարիայի խորհրդարանը 2003թ. քվեարկեց նրա օգտին, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում կատարվածը որակվի որպես ցեղասպանություն):
Մեկ այլ ցուցարար՝ Փաթիլ Ասլանյանը հայտարարել է, որ «եթե մենք չարտահայտենք մեր բողոքը եւ չդիմակայենք այդ գործընթացին, Հայաստանի կառավարությունը չի հասկանա, որ հայկական սփյուռքի մեծամասնությունը դեմ է արձանագրությունների վավերացմանը: Միայն իր ակտիվությամբ Սփյուռքը ցույց կտա իր անհամաձայնությունը»:
Հյուպատոս Դետվայլերը, իր հերթին, խոստացել է ցուցարարների դիրքորոշման մասին նամակով ծանուցել իր երկրի կառավարությանը:




























