Եթե անգամ Ուկրաինան ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում, նրա տարածքում ոչ մի ռազմաբազաներ չեն լինի: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Միջազգային հարաբերությունների խորհրդում տեղի ունեցած իր ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն:
«Մեր Սահմանադրության համաձայն, ոչ մի ռազմաբազա` ոչ ռուսական, ոչ` ՆԱՏՕ-ական չն կարող տեղակայվել Ուկրաինայի տարածքում: Ուկրաինայի տարածքը չի կարող օգտագործվել այլ երկրներին սպառնալու նպատակով»,- ընդգծել է Յուշչենկոն: Միաժամանակ խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին,նա ասել է, որ «չի կարող հպարտանալ այն հարաբերություններով» որոնք հիմա կան երկու երկրների միջեւ:
Կիեւի եւ Մոսկվայի միջեւ առկա խնդիրների շարքում Յուշչենկոն նշել է ծովային սահմանի դեմարկացիայի անավարտ լինելը, Ուկրաինայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը, ինչպե նաեւ Սեւաստոպոլում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ներկայությունը: Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ 2017 թվականից հետո ռուսական նավատորմը պետք է լքի Սեւաստոպոլը:
Այնուհետեւ անդրադառնալով Կիեւի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունն ու Ուկրաինայի անկախությունը հոմանիշներ են:



















