Վաշինգթոնը պատրաստ է Փհենյանի հետ քննարկել վստահության ամրապնդման նախաձեռնությունները, հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Բիգունը, հաղորդում է AFP-ն:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չեն մեղմացնել  Փհենյանի դեմ միակողմանի պատժամիջոցները, ինչպես եւ ՄԱԿ-ը պատժամիջոցները: «Սակայն, Փհենյանի  հետ փոխգործակցության համատեքստում, մենք պատրաստ ենք ուսումնասիրել մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք կարող են վստահությունն ամրապնդել»:

Դիվանագետը հրաժարվել է մանրամասնել նախաձեռնությունները, սակայն ավելի վաղ նա ասել էր, որ Վաշինգթոնը կարող է քննարկել ԱՄՆ քաղաքացիների Հյուսիսային Կորեա մուտքի սահմանափակումների մեղմացումն այն դեպքերում, երբ նրանք մարդասիրական օգնության համար են մեկնում երկիր:

Թրամփի վարչակազմը, որպես կանոն, արգելում է ԱՄՆ-ի օգնության խմբերին Հյուսիսային Կորեայում աշխատել՝ ձգտելով առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի ռեժիմի վրա, ինչպես նաեւ ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը: