Դանիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն այսօր բավական անհաջող ելույթ ունեցան: Նշենք, որ այսօր գորգ էին դուրս եկել 55, 66 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշները:

55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը թեեւ հաղթանակ տոնեց առաջին 2 փուլերում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց ռուսաստանցի Վիկտոր Լեբեդևին: Լեբեդեւին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ, ինչը նշանակում է, որ Ջաբուրյանը զրկվեց նաև բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը 1/8-րդ եզրափակչում պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Տացուհիրո Յոնեմիցուին և դուրս մնաց հետագա պայքարից: Անհաջող էր նաեւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանի մրցելույթը, ով առաջին փուլում հաղթանակ տոնելուց հետո 1/8-րդ եզրափակիչում պարտվեց Ռուսլան Շեյխային: