Աֆրիկայի բնակիչը դիմել է ամերիկյան Walt Disney կինոստուդիա՝ պահանջելով հրաժարվել «Առյուծ արքա» մուլտֆիլմից «խակունա մատատա» արտահայտության հեղինակային իրավունքից: Change.org կայքում համապատասխան միջնորդագիրը հրապարակել է Զիմբաբվեից Շելթոն Մպալան: Փաստաթուղթը գրավել է The Guardian-ի ուշադրությունը:

Միջնորդագրի հեղինակը պնդում է, որ ընկերությունն իրավունք չունի օգտագործելու արտահայտությունը, որն ինքը «չի ստեղծել»: «Այս արտահայտությունը Արեւելյան Աֆրիկայի սուախիլի լեզվով նշանակում է «խնդիր չկա»: Այստեղ hakuna բառը նշանակում է «ոչ», իսկ matata-ն՝ «խնդիրներ»,- պարզաբանել է Մպալան:

Մուլտֆիլմի շնորհիվ արտահայտությունը բրենդի պես բան է դարձել եւ տարածվել ամբողջ աշխարհում, ինչը վիրավորանք է համարվում, «ոչ միայն սուախիլի լեզվով խոսող ժողովրդի, այլեւ ընդհանրապես ամբողջ Աֆրիկայի համար», ամփոփել է Մպալան:

Զիմբաբվեի բնակչի խոսքով՝ այս բառերն օգտագործվում են սուախիլերեն խոսող երկրներից մեծ մասում, օրինակ՝ Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում, Ռուանդայում, Բուրունդիում, Մոզամբիկում եւ Կոնգոյում:

Ներկա պահին միջնորդագիրը ստորագրել է 150 հազար մարդ: