Կոլումբիայում սպանվել է ամենասարսափազդու հանցագործներից մեկը՝ Ուոլթեր Արիզալան, որն ավելի հայտնի է Գուաչո անունով, փոխանցում է Sky News-ը:
Նշվում է, որ թմրաբարոնին երկար ամիսներ հետեւում էին ԱՄՆ իրավապահ մարմինները նրանց կողմից երեք էկվադորցի լրագրողներին առեւանգելուց եւ սպանելուց հետո:
Հանցագործի մահվան մասին հայտնել է անձամբ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, որը նշել է, որ Արիզալան սպանվել է Հատուկ ստորաբաժանման անցկացրած «հերոսական գործողության» ժամանակ:
Նա նշել է, որ «հիմա կոլումբիացիները կարող են հանգիստ քնել, քանի որ սպանվել է մեր երկրի ամենասարսափազդու հանցագործներից մեկը»:
29-ամյա Արիզալան կասկածվում էր Մեքսիկա կոկաինի մաքսանենգության մեջ: Նա սպանվել է Նարինո շրջանի ջունգլիներում, որը Կոլումբիայի կոկաինի խոշորագույն պլանտացիաների «հայրենիքն» է:
Կոլումբիան համարվում է աշխարհում կոկաինի խոշորագույն արտադրողը:
Արիզալային կասկածում էին 32-ամյա լրագրող Խավյեր Օրտեգոյի, 45-ամյա լուսանկարիչ Փոլ Ռիվասի եւ նրանց 60-ամյա վարորդ Էֆրեն Սեգարայի առեւանգումը եւ սպանությունը կազմակերպելու մեջ: Նրանք էկվադորական El Comercio պարբերականի աշխատակիցներն էին:




























