Ներկայացնում ենք 2018 թվականին աշխարհի ամենատպավորիչ ճարտարապետական նախագծերը՝ նախատեսված բացարձակապես տարբեր նպատակների համար:

1. Մոսկվայում Սկոլտեխի կամպուսը՝ ըստ Herzog & de Meuron բյուրոյի նախագծի

Herzog & de Meuron բյուրոյի ճարտարապետները «Սկոլկովո» ինովացիոն հաբին իրենց նախագիծն առաջարկել են դեռեւս 2012 թվականին: Նրանց խնդիրն էր «Սկոլկովոյի» հայեցակարգին համահունչ թաղամաս ստեղծելը, որի կենտրոնն է Սկոլտեխ գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտը: Այն դարձել է 5 թաղամասերից մեկը՝ նախատեսված «Սկոլկովո» քաղաքաշինական ծրագրով, որոնցից յուրաքանչյուրը նախագծել են տարբեր ճարտարապետներ եւ նախատեսված են տարբեր նպատակների համար:

Համալսարանի բուն շենքը կազմված է երեք օղակներից՝ լցված ուղղանկյուն բլոկներով՝ Արեւելյան օղակ, Ագորա եւ Արեւմտյան օղակ: Այսպիսի կառուցվածքն ընդգծում է «Սկոլկովոյի» այս շրջանում համալսարանի կենտրոնական դերը:

2. Morpheus հյուրանոցն՝ ըստ Zaha Hadid Architects-ի նախագծի

Մակաոյում հունիսի 15-ին բացվեց Morpheus ֆլագմանային հյուրանոցը, որը նախագծել է Zaha Hadid Architects ճարտարապետական բյուրոն: Morpheus-ը City of Dreams-ի խաղատնային-հյուրանոցային համալիրի հինգերորդ աշտարակն է: Նախագծի մշակումը սկսվել է 2012 թվականին, երբ Զահա Հադիդը դեռեւս ողջ էր. ճարտարապետն անձամբ է մասնակցել աշխատանքին:

3. Amorepacific-ի կենտրոնակայանը՝ ըստ Դեւիդ Չիփերֆիլդի նախագծի

Ըստ David Chipperfield Architects-ի նախագծի՝ նոր ժամանակակից շենքը տեղակայված է դեռեւս 1956 թվականից ընկերությանը պատկանող տարածքում: 30-հարկանի շենքն անմիջապես աչքի է ընկնում Սեուլի գործարար շրջանում: Դրա միաձույլ կառուցվածքում կան մի քանի անցքեր՝ գրեթե ինչպես Զահա Հադիդի Morpheus հյուրանոցի նախագծում: Միայն թե այստեղ դրանք ունեն հստակ երկրաչափական ձեւ, որն ընդգծում է գրասենյակային կառույցի խստաոճությունն ու պաշտոնականությունը:

4. Նավահանգիստ Օրհուսում՝ ըստ Բյարկե Ինգելսի

Բյարկե Ինգելսի ճարտարապետական BIG բյուրոն դանիական Օրհուսում կառուցել է մասշտաբային նավահանգիստ: Այն հաշվարկված է 650 հանգստացողի համար եւ դարձել է աշխարհում ամենախոշոր նավահանգիստը: Համալիրը նման է մեծ արհեստական կղզու՝ այնտեղ տեղակայված են մեծահասակների եւ մանկական լողավազաններ: 50-մետրանոց լողավազան եւ դայվինգի լողավազան, 2 շոգեբաղնիք, ինչպես նաեւ մանուկների համար ոչ խորը լճախորշ:

5. Kirk Kapital ընկերության կենտրոնակայանը՝ ըստ Օլաֆուր Էլիասոնի նախագծի

Հունիսին Դանիայի Վայլե փոքր քաղաքում բացվեց Kirk Kapital ներդրումային ընկերության նոր կենտրոնակայանը: Շենքը Օլաֆուր Էլիասոնի առաջին ճարտարապետական նախագիծն է: Այն տեղակայվել է անմիջապես ջրի վրա եւ ֆորտի է նման, որտեղ կարելի է հայտնվել միայն ջրի վրա անցկացված ոչ մեծ հետիոտնային կամրջակով:

6. Վիետնամում կամուրջ՝ ձեռքերի տեսքով հենասյուներով

Գարնանը Վիետնամում արտասովոր կամուրջ բացվեց, որի համար հենասյուներ են ծառայում վիթխարի ձեռքերը: Այս տեսարժան վայրն ակնթարթորեն դարձավ երկրում ամենահանրաճանաչը, իսկ սյուրռեալիստական կառույցի լուսանկարները հայտնվեցին Ba Na Hills հանգստավայրի բոլոր զբոսաշրջիկների համացանցային էջերում ու համաշխարհային նորություններում:

7.  Shenzhen Energy-ի կենտրոնակայանը՝ ըստ BIG բյուրոյի նախագծի

Շենքը տեղակայվել է Շենչժեն քաղաքի գործարար կենտրոնում: Արտասովոր դիզայնը բարձրահարկն առանձնացնում է մյուս կառույցների շարքում. տեղացիներն արդեն այն անվանել են «պլիսեավոր» երկնաքեր: Ճակատն իսկապես ասես պատված լինի բազմաթիվ ծալքերով, բայց դա ամենեւին հանուն գեղեցկության չի արվել: Նման կառուցվածքը թույլ է տալիս արտացոլել արեւի ուղիղ ճառագայթների մի մասը՝ այս կերպ գրասենյակներում պահպանելով օպտիմալ ջերմաստիճան: Սա նաեւ թույլ է տալիս շենքում էներգիան տնտեսել, ինչը կարեւոր է Shenzhen Energy-ի համար:

8.  Facebook-ի նոր կամպուսը՝ ըստ Ֆրենկ Գերիի նախագծի

Սիլիկոնային հովտում Facebook-ի կենտրոնակայանում բացվել է նոր կամպուս, որը նախագծել է ճարտարապետ Ֆրենկ Գերին: MPK 21 կոչվող շենքը կառուցել են ոչ պակաս քան 18 ամսում եւ նրա տանիքին ստեղծել են իսկական այգի՝ ծառերով ու զբոսնելու արահետներով:

9. Կատարյան ազգային գրադարանը՝ ըստ OMA բյուրոյի նախագծի

Կատարյան ազգային գրադարանը նախագծված է որպես մեկ մեծ սենյակ, որը միաժամանակ ե՛ւ գրապահոց է, ե՛ւ ընթերցասրահ: Շենքի եզրերը գետնից վեր են բարձրանում՝ «թեւեր» ձեւավորելով, որտեղ էլ հենց պահում են գրքերը: Դրսից շենքը սպիտակ տիեզերանավ է հիշեցնում, որը կարճ ժամանակով վայրէջք է կատարել մեր մոլորակի վրա:

10. Բրետանում բետոնե եկեղեցի՝ ըստ Ալվարո Սիզա Վիեյրայի նախագծի

Պորտուգալացի ճարտարապետ Ալվարո Սիզա Վիեյրան սպիտակ բետոնե եկեղեցի է կառուցել ֆրանսիական Ռեն քաղաքի Սեն Ժակ դե լա Լանդ մերձքաղաքում: Սա Բրետանում XXI դարում կառուցված առաջին եկեղեցին է: Սեն Ժակ դե լա Լանդում բնակվում է ընդամենը 10 հազար մարդ, այստեղ տները կառուցված են գերազանցապես բետոնից: Այս պատճառով էլ ճարտարապետը հիմք ընդունելով ընդհանուր քաղաքային լանդշաֆտը՝ շենքի կառուցման համար հիմնական նյութ է ընտրել սպիտակ բետոնը: