Ջիբուտիում դեկտեմբերի 16-ին ձերբակալված ամենավտանգավոր ջիհադիստներից մեկը՝ 36-ամյա Պետեր Շերիֆը արտահանձնվել է Ֆրանսիային: Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 23-ին, հայտնել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները եւ Փարիզի դատախազությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Միջազգային ֆրանսիական ռադիոկայանին:
Ավելի վաղ Le Monde-ը գրել էր, որ Ջիբուտիի իրավապահ մարմինները Շերիֆին, ամենայն հավանականությամբ, գտել են ֆրանսիական հետախուզության օգնությամբ:
Պետեր Շերիֆը Փարիզ էր բերվել անվտանգության աշխատակիցների ուցեկցությամբ եւ ձեռնաշղթաներով: Նա կալանավորվել էր Շարլ դե Գոլի օդանավակայանում: Շերիֆը հետախուզվում էր 2011 թվականից:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին նախօրեին ասել էր, որ Շերիֆի ձերբակալությունը «շատ լավ լուր է», քանի որ ֆրանսիացի իրավապահները կասկածում են, որ նա ներգրավված է 2015 թ. հունվարի 7-ին Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակման կազմակերպմանը:
Անցյալ ուրբաթ՝ դեկտեմբերի 21-ին, Փարիզի դատախազությունը դատարան էր ուղարկել 14 մեղադրյալների գործը, որոնք, ենթադրաբար, «լոգիստիկ աջակցություն» են տրամադրել Charlie Hebdo խմբագրության վրա հարձակված ահաբեկիչներին: Քաղաքացիական կողմերի իրավաբաններն ու քննիչները հուսով են, որ Պետեր Շերիֆի ձերբակալումը կօգնի գտնել այս հանցագործության պատվիրատուներին:





























