Փոշու մասնիկներով, դիզելային մրով եւ բենզինային շարժիչների արտանետման արգասիքներով մթնոլորտի աղտոտման մակարադակը մինչեւ 2,5 միկրոն Բանգկոկի տարբեր շրջաններում արդեն մեկ շաբաթ կազմում է խորանարդ մետրին 72-ից մինչեւ 92 միկրոգրամ՝ նորմայի 50 միկրոգրամ «վերին» սահմանի դեպքում, նշված է Թաիլանդի մայրաքաղաքի մթնոլորտի աղտոտման վերահսկման դեպարտամենտի հայտարարության մեջ:

Կիրակի երեկոյան մեգապոլիսի կայքում հրապարակված հայտարարության մեջ մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում տանը մնալ, իսկ փողոց դուրս գալու անհրաժեշտության դեպքում կրել խոնավեցված թանզիֆե դիմակներ կամ ռեսպիրատորներ:

Երկուշաբթի առավոտյան քաղաքի փողոցներում անցորդներից շատերը եւ մոտոցիկլետավարները ականջալուր լինելով իշխանությունների նախազգուշացմանը՝ իսկապես դիմակներով են տեղաշարժվում, սակայն Բանգկոկի բնակիչների մեծ մասը բաց դեմքով են քայլում քաղաքի բազմաթիվ նեղլիկ մայթերով ու կանգնած են ավտոբուսի կանգառներում եւ միայն դեմքը կնճռոտում են, երբ կանգառից հեռացող հերթական հին քաղաքային ավտոբուսը արտանետման խողովակից սեւ ծխի ամպ է բաց թողնում:

«Բանգկոկը գրեթե Սիամի ծոցի ափին է, եւ երբ ծովից քամի է փչում, քաղաքի օդը ինքնամաքրվում է, ավելի շուտ քաղաքն ասես օդափոխվում է: Արդեն մեկ շաբաթ է քամի գրեթե չկա եւ տարվա այս եղանակին ոչ հատուկ շոգ է. դեկտեմբերին սովորաբար ցերեկը համեմատաբար շոգ է, իսկ գիշերը ջերմաստիճանը նվազում է մինչեւ 25-27 աստիճան: Հիմա գիշերները եւս այն 30 եւ ավելի բարձր մակարդակի վրա է»,- պարզաբանել է Բանգկոկի օդերեւութաբանական բյուրոյի խորհրդական Կրայսակ Սիսամփհանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: