ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, որի ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է համաշխարհային հանրության կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության չճանաչումը: Հանդիպմանը լրագրողներ չեն եղել:
Քլինթոնը Սահակաշվիլիին խոստացել է, որ ԱՄՆ-ը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի այլ երկրները շարունակեն չճանաչել այդ հանրապետությունների անկախությունը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի ընդհանուր նպատակների իրականացման լավագույն մեթոդ է համարում ողջ աշխարհի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը որպես Վրաստանի անքակտելի մասեր։ «Մենք աշխատում ենք նրա շուրջ, որպեսզի Ռուսաստանն ի կատար ածի 2008թ. համերաշխության համաձայնագրի պայմանները, որպեսզի Վրաստանը կրկին ամբողջական դառնա, ինչպես դա պետք է լինի»,- հայտարարել է Հիլարի Քլինթոնը։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, մեկնաբանելով այդ հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Քլինթոնը հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ը չի ճանաչում եւ չի պատրաստվում ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանից այդ հանրապետությունների անկախությունը ճանաչել են Նիկարագուան եւ Վենեսուելան:




























