Դեկտեմբերի 25-ին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ժամանակակից ստանդարտներին համապատասխան ռադիոստուդիա է բացվել:
Տեխնիկական միջոցները տրամադրել է «Սաունդ Պրոգրես» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են Տիգրան եւ Արսեն Հակոբյան եղբայրները:
Տիգրան Հակոբյանի խոսքով, ձայնագրման եւ մոնտաժի ստուդիայում ապագա լրագրողները հնարավորություն կունենան պրակտիկ գիտելիքներ ստանալ ակադեմիական միջավարում՝ ունենալով գերժամանակակից տեխնիկական հնարավորություններ։
«Նրանք ձեռք կբերեն ձայնագրման, աուդիոմոնտաժի,վիդեո մոնտաժի հմտություններ՝ ինչը շատ կարեւոր է ժամանակակից լրագրողի համար։ Ստուդիան նաեւ հնարավորություն է տալիս ապագա հեռուստատեսային եւ ռադիո մեկնաբաններին աշխատել ուղիղ եթերի ռեժիմում»,-ասաց նա՝ հավելելով, որ ստուդիան կարող է շահութաբեր նախագիծ դառնալ:
Նոր ռադիոստուդիայի բացմանը ներկա էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն էլ կտրեց կարմիր ժապավենը:




























