Երեւան քաղաքում տեղական տուրքերը հիմնականում պահպանվել են բացառությամբ մի քանիսի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում ներկայացնելով տեղական տուրքեր սահմանելու մասին հարցը նշեց Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Նա ներկայացրեց, թե որ տուրքերն են բարձրացել. «Մասնավորապես ոչ հիմնական շենք-շինությունների համար շինթույլտվության տրամադրման տուրքը փոխվել է. մինչեւ 20 քմ տարածքով շինությունների համար նախկինում 15 հազար դրամի փոխարեն սահմանվել է 21 հազար դրամ, իսկ 20 քմ-ից ավելի տարածքի դեպքում՝ նախկին 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 35 հազար դրամ:

Փոփոխության է ենթարկվել նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար տարեկան սահմանվել է 600 հազար դրամ, նախկին 350 հազար դրամի փոխարեն:

Փոփոխության են ենթարկվել Առեւտրի, հանրային սննդի զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաների ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տարեկան տուրքի չափերը: Մասնավորապես, առեւտրի օբյեկտների համար նախկինում 87 500 դրամի փոխարեն, տուրքը սահմանվել է 120 հազար դրամ, հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համար 175 հազարի փոխարեն սահմանվել է 250 հազար դրամ, բազնիքների համար նախկին 875 դրամի փոխարեն 1,4 մլն դրամ, խաղատների համար 1 մլն 750 հազար դրամի փոխարեն 3 մլն դրամ, շահումով խաղերի համար 875 հազար դրամի փոխարեն 1,5 մլն դրամ, վիճակախաղերի համար 262 հազարի փոխարեն 450 հազար դրամ:

Երեւանի խորհրդանիշը, զինանշանը ֆիրմային անվանումներում օգտագործելու համար տեղական տուրք է սահմանվել 300 հազար դրամի չափով, նախկին 200 հազարի փոխարեն»,-ասաց նա:

Արմեն Հարությունյանի խոսքով, նաեւ որոշ նոր տուրքեր են ավելացել. Օրինակ հրավառություն իրականացնելու թույլտվության համար սահմանվել է 300 հազար դրամ, Կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք-սաունաների համար սահմանվել է 150 հազար դրամ, հեստապարային ակումբի  (սթրիպտիզ) համար սահմանվել է տարեկան 1,5 մլն դրամ: Այս տուրքերը կգործեն 2019-ի սեպտեմբերի 26-ից:

Ավելի վաղ նույն նիստում Երեւանի քաղաքապետ հայկ Մարությանը հայտարարել է, որ տարեկան մինչեւ 58,3 մլն շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար կգործեն տուրքերի հին դրույքաչափերը: