2018 թվականին ավտորիտար չարիքը փլուզվեց, բայց չվերացավ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը։
«Մենք գիտենք, որ ավտորիտարիզմից ժողովրդավարություն անցումը մի օրում չի լինում, ուստի մենք շատ լավ գիտակցում ենք անցումային շրջանի բարդությունները, հասկանում ենք, որ ավտորիտարիզմի հիմքը՝ քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերջնականապես վերացված չեն»,–նշեց նա։
Գարեգին Չուգասզյանը, սակայն, նկատեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ դեռ չի ձևավորվել բազմաբևեռ քաղաքական դաշտ, սակայն, նրա խոսքով, դրական միտումները առկա են, քանի որ իշխանության լծակներից հեռացվել է ՀՀԿ–ն։
2018 թվականի բացթողումներից Չուգասյանը շեշտեց նոր ընտրական օրենսգրքի բարեփոխումների չանցկացումը, որը «քաղաքական դաշտի որոշ կուսակցությունների համար դժվարություններ է առաջացնում»։
Մեկ այլ բացթողում նա համարում է այն սահմանադրությունը, որը ժողովրդի կամքով չի ընդունվել. «Սերժի հագով կարված սահմանդրության հարցում մի շարք խնդիրներ կան՝ մասնավորապես, դատարանների անկախության, հանրաքվեների անցկացման հարցը»։
Նա խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին. «Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, ընդունվել է, որ 2008 թվականից ՀՀ–ում սահմանադրական կարգը տապալված է եղել։ Դա նշանակում է, որ բոլոր ընդվզումներին, որոնք միտված են եղել սահմանադրական կարգը վերականգնելուն, պետք է քաղաքական գնահատական տրվի։ Պետք է ազատ արձակվել և անպարտ հայտարարել «Սասնա ծռերի»անդամներին, քանի որ երկու հոգի դեռ մնում են «Բաստիլում»։
Չուգասյանը անդրադարձավ նաեւ Արշակ Կարապետյանին խորհրդականի պաշտոնում նշանակելուն, նշեց, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն. «Փաստորեն, ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը բավականին տվյալներ է հաղորդել, իսկ երկրի գերագույն հրամանատարությունը անհրաժեշտ քահյլեր չի ձեռնարկել, որ կասեցնի ապրիլյան պատերազմը եւ այն զոհերը, որ ունեցանք։ Մենք սպասում ենք, որ գործող իշխանությունները գնահատական կտան այդ ամենին, եւ դրանից կբխի, որ ապրիլյան պատերազմից հետո հետագա իրադարձությունները՝ Ժիրայր Սեֆիլյանի ձեբալակալումը եւ ապստամբությունը փոխկապակցված են, այսինքն՝ ոչ միայն սահմանադրական կարգն է տապալված եղել, այլ տեղի է ունեցել պետական դավաճանություն»։





























