Անցնող տարվա կլիմայական փոփոխությունների մեծ մասը բավականին տագնապահարույց է: Եվ այսպես՝ 2018 թվականին ի՞նչ իմացանք կլիմայի մասին, հայտնում է Gismeteo-ն

1. Ահաբեկող կանխատեսումներ՝ կլիմայի փոփոխության հարցերով Փորձագետների միջկառավարական խմբի զեկույցում

Զեկույցում հաղորդվում է, որ մինչինդուստրիալ միջին ջերմաստիճանից բարձր՝ Ցելսիուսի 1,5 աստիճանով գլոբալ տաքացման սահմանափակումը 2050 թվականին կպահանջի աննախադեպ փոփոխություններ եւ ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների նվազեցում: 1,5 եւ 2 աստիճանների աճի միջեւ տարբերությունը վիթխարի կլինի, նշված է զեկույցում: Մոլորակի վրա մինչինդուստրիալ ցուցանիշներից միջին ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրացումը կհանգեցնի երաշտների, ջրհեղեղների, ծովի մակարդակի բարձրացման, տեսակների ոչնչացման, սովի եւ եղանակային էքստրեմալ իրադարձությունների:

2. Փոփոխությունը մարդկանց առողջության վրա ահռելի ազդեցություն կունենա

The Lancet բժշկական ամսագիրը հայտնել է, որ աշխարհի քաղաքների 51 տոկոսը կկորցնի առողջապահության ենթակառուցվածքների անվտանգությունը: Countdown 2018 (Հետադարձ հաշվետվություն 2018) զեկույցում նույնպես նշված է, որ ածուխով աշխատող էլեկտրակայանների արտանետումներից օդի աղտոտումը ամեն տարի մահվան 460 հազար դեպքի պատճառ կլինի:

3. Ջերմոցային գազերի արտանետումների ընթացիկ նվազումը բավարար չէ

Մեծացել է ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի եւ գլոբալ տաքացման զսպման համար անհրաժեշտ մակարդակի խզումը: Աշխարհի խոշորագույն 20 տնտեսություններից միայն վեցն են ջերմոցային գազերի արտանետումների ծավալը կրճատելով ընթանում նպատակներին տանող ճիշտ ճանապարհով, որոնք սահմանել է Փարիզի կլիմայական համաձայնագիրը: Հետ մնացողների թվում են Արգենտինան, Ավստրալիան, Կանադան, Եվրամիությունը, Կորեան, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ն եւ ԱՄՆ-ն:

4. 60 երկրներ ստացել են կլիմայի փոփոխությունների դանդաղեցման ջանքերի գնահատականներ

2019 թվականի համար կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի արդյունավետության ցուցանիշը հրապարակվել է դեկտեմբերին: Արտանետումները կրճատող եւ կանաչ էներգիա օգտագործող երկրների ցանկի առաջին տեղերում են Շվեդիան, Մարոկկոն, Լիտվան, Լատվիան եւ Մեծ Բրիտանիան: Ամենացածր գնահատականներն են ստացել Թայբեյը, Կորեան, Իրանը, ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան:

5. «Հարվի» փոթորկի սարսափելի հետեւանքները կապված էին կլիմայի փոփոխությունների հետ

ԱՄՆ Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականների հետազոտությունը «Հարվիի» կործանարար ուժն անմիջականորեն կապել է օվկիանոսում ջերմության բարձր պարունակության եւ ծովի բարձր ջերմաստիճանային մակերեւույթի հետ, որ առաջացել են կլիմայի փոփոխությունների հետեւանքով:

6. Փոթորիկների ուժի սանդղակին պետք է եւս մեկ կատեգորիա ավելացնել

Հոդդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտից Թիմոտի Հոլնն առաջարկել է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակին 6-րդ կատեգորիա ավելացնել: Դարավերջին փոթորիկների ուժը կարող է 370կմ/ժ հասնել:

7. Մարդիկ երկրային ռեսուրսներն ավելի արագ են օգտագործում, քան Երկիրը հասցնում է վերականգնվել

Բնապահպանական պարտքի համաշխարհային օրն ամեն տարի հաշվարկվում է: Դա այն օրն է, երբ տարվա ընթացքում մարդու կողմից օգտագործված վերականգնվող ռեսուրսների քանակը սկսում է գերազանցել այն ծավալը, որը Երկիրը կարող է վերարտադրել: 2018-ին այդ օրը պատմության մեջ ամենավաղն էր՝ օգոստոսի 1-ին: 1970 թվականին Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը նշում էին դեկտեմբերի վերջին, իսկ 1988-ին՝ հոկտեմբերի 15-ին:

8. Բուստախութերի ապագան մտավախություն է առաջացնում

Եթե մոլորակի ջերմաստիճանը մինչարդյունաբերական մեծություններից Ցելսիուսի 2 աստիճանով բարձրանա, բուստախութերի 99 տոկոսը կոչնչանա:

Եթե ջերմաստիճանի աճը հնարավոր լինի զսպել մինչեւ 1,5 աստիճան, մոլորակը կկորցնի բուստախութերի 70-90 տոկոսը:

9. Ածխաթթու գազի արտանետումներն այս տարի ռեկորդային նիշերի են հասել

2018-ին Չինաստանն արտանետումներն ավելացրել է 4,7 տոկոսով, ԱՄՆ-ն` 2 տոկոսով, Հնդկաստանը` 6,3 տոկոսով:

10. Աշխարհը տաքանում է

2018-ը ամենայն հավանականությամբ, պատմության մեջ բարձր ջերմաստիճանի տեսանկյունից 4-րդ տարին կդառնա:

2015, 2016 եւ 2017 թվականները նույնպես ամենատաք տարիների ցուցակում են: Վերջին 4 տարիներին մոլորակի միջին ջերմաստիճանը Ցելսիուսի 0,9 աստիճանով բարձրացել է: