Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր կկայանա 1/8-րդ եզրափակիչի երկու հանդիպում: Լիոնի «Օլիմպիկը» «Ժերլան» ստադիոնում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Այս թիմերը նույն փուլում հանդիպել են նաեւ անցած տարի, եւ ի զարման բոլորի, ճանապարհը շարունակեց ֆրանսիական ակումբը (1:0, 1:1):
Ընդհանրապես «արքայական» ակումբն արդեն վեց տարի է, ինչ չի կարողանում հաղթահարել 1/8-րդ եզրափակիչի արգելքը: Սակայն մադրիդիցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շտապում է հանգստացնել թիմի երկրպագուներին. «Երբ ես աշխատում էի «Ինտերում», թիմը 50 տարի չէր հաղթել Լիգայում»,- պարզ ակնարկով ասել է պորտուգալացի մասնագետը: Նա նաեւ ասել է, որ լիոնցիների հետ խաղից առաջ իրեն թանկարժեք խորհուրդներ է տվել Զինեդին Զիդանը: Լիոնի «Օլիմպիկին» առաջին խաղում չի կարողանա օգնել արգենտինացի հարձակվող Լիսանդրո Լոպեսը: Նա ձգել է ազդրի հետին մասի մկանը: Փոխարենը, ապաքինվել են Յոան Գուրկյուֆը, Կլեման Գրանյեն եւ Սեսար Դելգադոն:
Իսպանական ակումբի կազմում միակ վնասվածք ունեցող ֆուտբոլիստը Գոնսալո Իգուաինն է: Վիրահատությունից հետո նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը: Կական, Ֆեռնանդո Գագոն եւ Եժի Դուդեկն արդեն կարող են օգնել իրենց թիմին:
Օրվա մյուս դիմակայությունում կհանդիպեն «Կոպենհագենն» ու «Չելսին»: Այս զույգն ունի բացահայտ ֆավորիտ` դա անգլիական ակումբն է: Սակայն «ազնվականները» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ խաղային լուրջ անկում են ապրում: Պրեմիեր լիգայում «Չելսին» առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» զիջում է 12 միավոր, իսկ Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս մնաց` երրորդ փուլում պարտվելով «Էվերթոնին»: Իսկ Ստոլե Սոլբակենի թիմն այսպիսի մրցակցի հետ խաղերում կորցնելու բան չունի: Դանիայի չեմպիոնն արդեն գերակատարել է խնդիրը` դուրս գալով փլեյ-օֆ:
Այս դիմակայության գլխավոր ինտրիգը թերեւս Յեսպեր Գրոնկյայերի անձն է: Դանիացի վետերանն իր կարիերայի ծաղկման շրջանում հանդես է եկել «Չելսիի» կազմում: Այժմ նա «Կոպենհագենի» առաջատարներից է եւ կփորձի տհաճություն պարգեվել իր նախկին թիմին: «Չելսիին» չեն կարողանա օգնել երկար ժամկետով շարքից դուրս եկած Ալեքսն ու Յոսի Բենայունը:





























