Վերջին շրջանում բանավեճ է ծավալվում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նպատակահարմար է բարձրացնել մաքսատուրքերը՝ տեղական արտադրությանը պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառում է 10 տոկոս մաքսատուրք, այնինչ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր անդամներին թույլ է տալիս մինչեւ 15 տոկոս մաքսատուրք սահմանել։

Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն ասում է, որ Դոհայի համաձայնագրով Հայաստանն իրավունք ունի մաքսատուրքը մինչեւ 15 տոկոս բարձրացնել, սակայն պայմանով՝ այդ լրացուցիչ 5 տոկոսը պետք է ուղղվի տնտեսության այն ճյուղերի զարգացմանը, որոնց էլ վերաբերում է մաքսատուրքը։ «Մաքսատուրքի բարձրացումը չպետք է ֆիսկալ բնույթ կրի։ Բայց մյուս կողմից՝ մեզ մոտ տնտեսության ճյուղերը խթանելու ռազմավարություն չկա, նոր-նոր սկսում ենք արդյունաբերական քաղաքականություն մշակել»,- ասում է Գ. Մակարյանը։

Մաքսատուրքերը բարձրացնելու որոշումը պաշտպանում են բազմաթիվ գործարարներ։ Այսպես՝ Ավանի աղի կոմբինատի նախկին տնօրեն, ներկայում՝ պատգամավոր Արեգ Ղուկասյանը գտնում է, որ ԱՀԿ-ն թույլ տալիս է մաքսատուրքը բարձրացնել, ուստի՝ «վախենալու բան չկա»։

Նշենք, որ կառավարությունը դեմ է մաքսատուրքերի բարձրացմանը, այն պատճառաբանությամբ, որ դա կստեղծի գնաճ, եւ կխախտի ԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորությունները։