Չինաստանի հետ Թայվանի միավորումն «անխուսափելի» է: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ զգուշացնելով զերծ մնալ կղզու անկախացման առաջմղման ցանկացած ջանքից եւ հայտարարելով, որ Չինաստանը չի հրաժարվի ռազմական ուժի կիրառման տարբերակից, փոխանցում է AFP-ն:
«Չինաստանը պետք է միավորվի ու կմիավորվի, ինչը նոր դարաշրջանում չին ժողովրդի երիտասարդացման մեծագույն պահանջն է»,- ասել է նա 1979 թվականին «Թայվանցի հայրենակիցներին հղած ուղերձի» 40-ամյակին նվիրված իր ելույթում, որում Պեկինը միավորման եւ ռազմական դիմակայության դադարեցման կոչ էր արել:
«Մենք չենք խոստանում հրաժարվել ուժի կիրառումից եւ մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել անհրաժեշտ ամեն ինչ թայվանյան անջատողական գործողությունների եւ արտաքին ուժերի դեմ, որոնք միավորմանը խոչընդոտում են»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ թայվանյան հարցը Չինաստանի ներքին գործն է եւ առնչում է չին ժողովրդի ազգային զգացումներին: Անթույլատրելի է թայվանյան հարցին դրսից որեւէ միջամտությունը: Նա նշել է, որ խաղաղ միավորումից հետո կերաշխավորվի Թայվանի հավերժական խաղաղությունը:
Սի Ցզինպինը Թայվանյան նեղուցի երկու կողմերում, ինչպես նաեւ Չինաստանի սահմաններից դուրս բնակվող բոլոր չինացիներին կոչ է արել միասին աշխատել հանուն ազգի ընդհանուր բարօրության եւ պատմությանը համընթաց քայլել, համատեղ առաջ մղել միջափային հարաբերությունների խաղաղ զարգացումը եւ Չինաստանի խաղաղ միավորման գործընթացը:





























