Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի օտարերկրյա անդամի դիպլոմ է շնորհվել աշխարհահռչակ բրիտանահայ օնկոլոգ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, լորդ Արա Դարզիին: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի հայերի «Երեւան» թերթը:
Բարձր գնահատելով Դարզիի գիտական արժանիքները, Հայաստանի հետ նրա համագործակցությունը, Գիտությունների Ազգային Ակադեմիան 2008թ. նրան ընտրել էր Հայաստանի ԳԱԱ օտարերկրյա անդամ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի բժշկության եւ գիտության ճանաչված գործիչներ:
Դարզիի այցը թվով երրորդն է: Առաջին անգամ ճանաչված բժիշկը հայրենիք էր այցելել վիրահատություն անելու համար, երկրորդ անգամ՝ դասախոսություններ կարդալու:
Արա Դարզին Հայաստանում հայտնի է բժշկության ասպարեզում իր բարեգործություններով: Նա ակտիվորեն մասնակցում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացմամբ եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ:
«Մալաթիա» բժշկական կենտրոնում տեղադրված է Դարզիի նվիրած ռոբոտը, որը բժիշկներին թույլ է տալիս էնդոսկոպիկ վիրահատություններ կատարել:
2001թ. Դարզին արժանացել է Մեծ Բրիտանիայի թագուհու հոբելյանական շքանշանին, 2002թ. Բրիտանիային մատուցած ծառայությունների համար ասպետական շքանշանին, 2004թ. Համդանի շքանշանին (Աբու-Դաբիի էմիրի):
Դարզին հեղինակավոր բժշկական պարգեւների կրող է, Լոնդոնի թագավորական քոլեջի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի վարիչն է, նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներդրման կենտրոնի նախագահն է, Բժշկական արդյունաբերության նպատակային խմբի, Եվրոպական միացյալ բժշկական հանձնաժողովի, Միջազգային վիրաբուժական խմբի, Բժշակական ակադեմիայի, Թագավորական ինժեներական ակադեմիայի պատվավոր անդամ է, տասնյակ հոդվածների եւ 8 գրքի հեղինակ:




























