Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը զարմացրել է իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին:
Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հանրապետական պատգամավորն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին նկատեց, թե ՀՀԿ-ի տեսակետը հստակ է: «ՀՀԿ-ն մշտապես կողմնակից է եղել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, այսինքն ցեղասպանության խնդիրը չի կարող լինել նախապայման, եւ Ղարաբաղի հարցը չի կարող շաղկապվել հարաբերությունների կարգավորման հետ»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, թե արձանագրությունների նախաստորագրումը թե Հայաստանում, թե Թուրքիայում մեծ արձագանք ստացան: «Ինձ համար հասկանալի են այն ուժերի մտահոգությունները, որոնք մշտաես խոսել են ցեղասպանության ճանաչման մասին, մշտապես խոսել են այս հարցի հետ կապված: Խոսքը Դաշնակցության մասին է: ՀՀԿ-ն չի կիսում ՀՅԴ տեսակետը, բայց հարգանքով է վերաբերվում»,- ասաց հանրապետական գործիչը եւ նկատեց, թե իր համար անհասկանալի է այն ուժերի տեսակետը, որոնք «մշտապես դեմ են եղել ցեղասպանության ճանաչման գործընթացը արտաքին քաղաքական օրակարգ մտցնելուն, բայց այսօր սկսել են շահարկել»: «Ինձ համար անհասկանալի է, որ ցեղասպանության մասին խոսում է մի մարդ, որը 90-ին դեմ է արտահայտվել անկախության հռչակագրում ցեղասպանության հարցը մտցնելուն:
Ինձ համար անհասկանալի է, որ մարդիկ խոսում են ցեղասպանության ուրացման մասին, թեեւ նման բան չկա արձանագրություններում»,- ասաց հանրապետականը՝ նկատի ունենալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Հիշեցնենք, որ վերջինս մշտապես կողմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը, իսկ սեպտեմբերի 18-ի հանրահավաքում հայտարարեց, որ գործող իշխանությունները ընդունում են Թուրքիայի առաջադրած նախապայմանները:




























