Հայաստանը եւ Սիրիան կարող են հրաժարվել վիզային համակարգից, հայտարարել են երկու երկրների նախագահները Երեւանում, հունիսի 18-ին հայ-սիրիական բիզնես ֆորումի ժամանակ: Երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների հաստատման գործընթացի թեթեւացման նպատակով երկու պետությունների կառավարությունները հնարավոր է կայացնեն որոշում ձեռնարկատերերի եւ զբոսաշրջիկների համար վիզաների ստացման ընթացակարգի պարզեցման կամ, նույնիսկ, վիզայի անհրաժեշտության վերացման մասին: Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, սիրիական պետության ղեկավար Բաշար Ասադն ընդգծել է ներդրումային ծրագրերի կարեւոր դերը երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, որոնք քննարկվելու են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նախատեսվող նիստի ժամանակ:
Ասադը նաեւ արտահայտվել է հօգուտ հայ-թուրքական պետական սահմանի շուտափույթ ապաշրջափակման, ինչը, նրա խոսքով, կնպաստի առեւտրի զարգացմանը Հայաստանի եւ Սիրիայի միջեւ: Ինչպես նշել է Սիրիայի նախագահը, գլխավոր խոչընդոտը Հայաստանի եւ Սիրիայի միջեւ առեւտրատնտեսական կայուն կապեր հաստատելու ճանապարհին ցամաքային ճանապարհների բացակայությունն է, իսկ հայ-թուրքական սահմանի բացումը կօգնի այդ հարցում եւ շահավետ կլինի ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ` Սիրիայի համար: Դրան կնպաստի նաեւ Իրանից Հայաստան երկաթգիծ անցկացնելու ծրագիրը, նշել է Սիրիայի նախագահը:
Իր հերթին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-սիրիական հարաբերությունները նոր զարգացում են ստացել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հասնել երկու երկրների միջեւ գործընկերության քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: Սարգսյանի կարծիքով, բիզնես ֆորումը լավ առիթ կծառայի առեւտրային ամուր կապեր հաստատելու եւ երկու երկրների բիզնես շուկաներին ծանոթանալու համար: Նրա խոսքով, Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարների հանդիպման հիմնական թեման երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցն էր, հետեւաբար որոշվել է ստեղծել իրավական դաշտ, որը կնպաստի բիզնեսի ոլորտում գործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:
Բացի այդ, Հայաստանի նախագահը կոչ է արել Սիրիայում ապրող հայերին, որպեսզի նրանք հնարավորին չափ նպաստեն երկու երկրների գործարարների միջեւ ամուր կապերի հաստատմանը, օգտագործելով իրենց հնարավորություններն ու ֆինանսական միջոցները: Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ հայ եւ սիրիացի գործարարների բոլոր համատեղ ծրագրերը կստանան կառավարության աջակցությունը:



























